Ցեղասպանության ճանաչումը քայլ է նաև կանխարգելելու այլ ցեղասպանությունները․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Ամենակարևոր պատգամն  այսօր ինձ համար այն է, որ վճռականությունը արդարության վերականգնման համար երբեք չի կորչում, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Դիտարկմանը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ է առել, Զոհրաբ Մնացականյանը զարմացած  արձագանքեց․ «Ինչպե՞ս թե կանգ է առել: Իտալիայից նորություններ չե՞ք լսում: Երկրորդը՝ ինչպե՞ս կարող է կանգնել: Երրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը քայլ է նաև կանխարգելելու այլ ցեղասպանությունները, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու»:

Հարցին, թե հնարավոր է, որ այսօրվա Հայաստանը պարտադրի Թուրքիային բացել սահմանները, արտգործնախարարը պատասխանեց․ «Դուք լսում և տեսնում եք այն ամենը, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից: Եվ դրանք շատ հուսադրող չեն», իսկ
այդ գործընթացի համար արդյո՞ք նախապայման է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նախարարն ասաց․ «Երբևէ չենք ասել, որ դա նախապայման է»:

Նրա խոսքով՝ երբ կանխարգելման համակարգը չի գործում, ցեղասպանությունները կրկնվում են․ «Մենք գիտենք գինը ցեղասպանության, մենք գիտենք, թե որքան ծանր բան է այն: Արդեն մեր ժողովրդի 4-5 սերունդ տանում է այդ ցավն իր մեջ, իրենց մեջ տանում է այդ դժբախտությունը, և դա ի հայտ է բերում մեկ պատգամ, որ անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»:

Նախարարը նաև անդրադարձավ իր և Ադրբեջանի արտգործնախարարի առաջիկա հնարավոր հանդիպմանը․ «Մենք քննարկել ենք: Եռանախագահներին և երկու նախարարներին է վերաբերում, յուրաքանչյուրը պետք է ճշտի, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները: Գիտեք, որ հանդիպումները լինում են տարբեր մայրաքաղաքներում, ներառյալ համանախագահող երկրների: Բոլոր տարբերակները բաց են, բայց ճիշտ է, որ մենք բոլորս պայմանավորվենք, հետո միասին հայտարարենք»,- ասաց նա:

Արդյո՞ք մոսկովյան հանդիպման սեղանին «Լավրովի պլանն» է եղել, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց․ «Այն, ինչ մենք քննարկել ենք, հրապարակվել է հաղորդագրության մեջ, ուրիշ մեկնաբանության կարիք չունենք: Ամենն արտահայտված է փաստաթղթում, որի շուրջ մենք համաձայնել ենք, և դա մեր միասնական սեփականությունն է: Այնտեղ ամենն ասված է, որ մենք քննարկել ենք կողմերի դիրքորոշումները, մենք որևէ փաստաթուղթ չենք քննարկել»: