Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և անբարոյական․ Foreign Policy

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականն «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և անբարոյական» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ զուգահեռներ են տարվում հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի միջև՝ շեշտելով, որ երկու ժողովուրդներն էլ 20-րդ դարի ցեղասպանությունների զոհ են դարձել:

«Քայլելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անհնար է չնկատել Երուսաղեմի հետ ակնհայտ նմանությունը: Հուշահամալիրից Երևան քաղաքի վրա բացվող տեսարանը հիշեցնում է Յադ Վաշեմից՝ Հոլոքոստի ժամանակ զոհված 6 մլն հրեաների հիշատակը հավերժացնող գլխավոր հուշահամալիրից բացվող տեսարանը»,- գրում է հոդվածի հեղինակ, հայտնի իսրայելցի գրող և լրագրող Յոսի Մելմանը:

Նա նկատել է, որ չնայած ընդհանուր ցավին ու ողբերգությանը՝ Իսրայելը երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վախեցել է Թուրքիայի զայրույթից:

«1950-ականների վերջից Թուրքիան հրեական պետության ռազմավարական հզոր դաշնակիցներից էր՝ մուսուլմանական աշխարհում Իսրայելի ունեցած եզակի բարեկամներից: Երկու երկրների հետախուզական և պաշտպանական հաստատությունների միջև սերտ կապ է եղել, և Թուրքիան իսրայելական զենքի համար կարևոր և շահութաբեր շուկա է եղել»,- ասված է հոդվածում:

Հոդվածագրի կարծիքով՝ Իսրայելը պետք է կատարի իր բարոյական պարտքը և, անկախ երկրի տնտեսական և քաղաքական շահերից, ի հիշատակ Հոլոքոստի 6 մլն զոհերի, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես ժամանակին ճանաչել է Ռուանդայի ցեղասպանությունը: