Փարիզի Աստվածամոր տաճարի բանվորները խոստովանել են, որ ծխել են Նոտր Դամում

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

ծխել

Փարիզի Աստվածամոր տաճարի շուրջ շինարարական փայտամածերը մոնտաժող՝ «Le Bras Freres» ընկերության աշխատակիցները ծխել են տարածքում, ինչը չի համապատասխանում անվտանգության կանոններին։ Այդ մասին հայտնում է «Le Canard enchaine» պարբերականը:

Արգելքի խախտման մասին խոստովանել են բանվորները ոստիկանությունում հարցաքննվելիս: Տեղեկությունը հաստատել է նաև ընկերության ներկայացուցիչ Մարկ Էսկենազին և հավելել, որ վատ հանգցրած ծխախոտը չէր կարող հրդեհ առաջացնել, ինչպես նաև հերքել է շինարարական վերելակներում էլեկտրալարերի կարճ միացման պատճառով կրակի բռնկումը, քանի որ դրանք բռնկման օջախից հեռու են:

«Marianne» պարբերականը ավելի վաղ հայտնել էր, որ ֆրանսիական քննչական մարմինը նոր վարկած է ստուգում, համաձայն որի՝ բանվորները կարող էին վնասած լինել 2012 թվականին տաճարի փոքր զանգերի ծայրաձողում տեղադրված էլեկտրալարը:

«Բանվորները հասանելիություն ունեին շենքի վերին հատվածներին, որտեղ պահում էին իրենց սարքավորումների և նյութերի մի մասը, և կարող էին լարը ոչ դիտավորյալ վնասել դրա հետ շփվելու հետևանքով»,- նշել էր պարբերականը:

Քննվում է նաև զոդման կամ ջերմային էներգիայի արտադրման հետ կապված աշխատանքի հետևանքով հրդեհի բռնկման մասին վարկածը: Սակայն շինարարական ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հրդեհի օրը զոդում, կտրում ու հղկում չի կատարվել: