Ն.Փաշինյանը կնոջ հետ ծանոթացել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները» ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը երկրի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Նրանք ծանոթացել են «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշներին:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականներ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:

Ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության պատմության հետ վերջիններիս ունեցած առնչությունների հանրահռչակումն է: Ցուցադրությունն ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն. մի կողմից լուսաբանվում են երկու մեծությունների բարեկամական ու ստեղծագործական առնչությունները, մյուս կողմից՝ առավել շեշտադրված՝ Հայոց ցեղասպանության ու դրա ծանր հետևանքների հետ ունեցած վերջիններիս անմիջական կապը:

Ութ խորագրերից կազմված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր: Առաջին անգամ ցուցադրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած բիթլիսցի Աղավնի Մկրտչյանի տեսաձայնագրությունից հատված Հովհաննես Թումանյանի՝ 1915 թ. Էջմիածնում գաղթականներին օգնություն կազմակերպելու մասին: Ներկայացված բացառիկ բնօրինակ նյութերի մեջ առանձնահատուկ է 1915 թ. ապրիլի 11/24-ին Չանկըրը աքսորված և սպանված մտավորականներից Վարդերես Աթանեսյանի՝ աքսորի ընթացքում պատրաստած և մեզ հասած ուլունքաշար-համրիչը՝ բախտակից աքսորյալ 99 մտավորականների անունների փորագրությամբ, ի դեպ՝ առաջին հատիկի վրա Կոմիտաս Վարդապետի անունն է:

Ցուցադրությունն ուղեկցվում է Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասի համանուն անավարտ օպերայի երաժշտությամբ՝ Արաքս Մանսուրյանի կատարմամբ: Ներկայացված են նաև հայ մեծանուն նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ «Կոմիտաս» շարքից մի քանի էսքիզներ: Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը: