Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

.

Թուրքիայում շուտով էկրաններին կհայտնվի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության համատեքստում  պատրաստված վավերագրական ֆիլմաշար:

Այս մասին, ինչպես գրում է Էրմենիհաբերը, հայտնել է «Թուրքական պատմագիտական ընկերության» (TTK) նախագահ Ռեֆիկ Թուրանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան`ապրիլի 24-ին:

Թուրանի փոխանցմամբ` վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ընդունելու որոշման, Իտալիայի  և Հոլանդիայի խորհրդարանների ընդունած որոշումները նոր շարժում են:

Թուրանը նշել է, որ Թուրքիան Հայկական հարցի ուղղությամբ կարևոր  աշխատանքներ է տարել, պայքար մղել և  հավելել, որ այդ համատեքստում թուրքական պատմագիտական ընկերությունը ֆիլմ է պատրաստում` հայկական հարցի վրա «լույս սփռելու» նպատակով: Ֆիլմը բաղկացած է 7 մասից: Թարգմանվելու է 4 լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն:

Ֆիլմը ցուցադրվելու է թուրքական պետական հեռուստատեսության եթերում և պատմագիտական ընկերության ինտերնետային կայքում: