ԵԿՄ-ի հիմնական կորիզը կմնան պատերազմին մասնակից տղաները․ Արա Կետիկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Երկրապահ կամավորականների միությունում վերից վար կառուցվածքային փոփոխություններ կլինեն, նախատեսվում է միության անդամների լուրջ վերահաշվառում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը:

«Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել ԵԿՄ, նա եկել է նոր ու բազմաթիվ ծրագրերով: Մեկն արդեն կատարվել է. 184 հոգուց բաղկացած վարչության կազմը փոխարինվեց 25 հոգանոց կազմով, որը, իհարկե, ավելի ճկուն է: Սասուն Միքայելյանի և նորընտիր վարչության քաղաքականությունն այլ է, ԵԿՄ-ի հիմնական կորիզը կմնան պատերազմին մասնակից տղաները։ Այդ առումով տարածքային կառույցների ժողովներ ունենք նախատեսած: 20-30 տոկոսով ԵԿՄ անդամների թիվը գուցե կրճատվի, կրկնեմ, որ սա վերահաշվառում է»,-ասաց նա:  

Արա Կետիկյանը նշեց, որ մի շարք պայմանավորվածություններ ունեն Պաշպանության նախարարության հետ:

«Պաշտպանության նախարարության հետ արդեն իսկ կան լուրջ պայմանավորվածություններ, որպեսզի պատանի երկրապահական ծրագրերը շարունակվեն՝ մի փոքր այլ կերպ, այլ ուղղություններով, այլ որակով: ՊՆ-ի հետ այլ պայմանավորվածությունների մասին ժամանակի ընթացքում բոլորդ էլ տեղյակ կլինեք»,-նշեց նա:
Հարցին՝ քննարկու՞մ են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ անդամակցությունը դադարեցնելու հարցը, Կետիկյանը պատասխանեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում, հաշվի են առնում նաև անմեղության կանխավարկածի հետ կապված հարցերը: