Պուտինը խոսել է, թե ինչ ընթացք կստանան ռուս-ուկրաինական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 25, 24News

Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ ընթացք կստանան ռուս-ուկրաինական հարաբերություններն Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո, գրում է РИА Новости-ն:

Պուտինը հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի Կիևի քաղաքականությունից, և որ Ռուսաստանը պատրաստ է ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները:

«Մենք ուզում ենք, պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները, սակայն չենք կարող դա միակողմանի կերպով անել»,- ասել է նա:

Այն հարցին, թե ինչպես է գնահատում Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները, Պուտինը պատասխանել է. «Ի՞նչ կա այդտեղ գնահատելու: Դա Պորոշենկոյի քաղաքականության լիովին և բացարձակ տապալումն է»:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ հարևան երկրի նոր իշխանությունները նույնպես դա հրաշալիորեն գիտակցում են:

«Տեսնենք՝ որոնք կլինեն առաջին քայլերը: Մի բան է հասկանալ, մեկ այլ բան է սեփական ժողովրդի շահերին համապատասխան իրատեսական քաղաքականություն կառուցել»,- եզրափակել է Պուտինը:

Հիշեցնենք, որ շոումեն Վլադիմիր Զելենսկին ապրիլի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տարել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: