Ե՞րբ է Միհրան Պողոսյանը հեռացել Հայաստանից․ ՀՔԾ-ն նշում է, որ չէր կարող կանխել մեկնումը

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

ՀՔԾ

Միհրան Պողոսյանը Հայաստանից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում: Այդ մասին լրատտվամիջոցներին հայտնում է ՀՔԾ-ն՝ արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:

Խափանման միջոցը կիրառվում է միայն կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ, իսկ Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել: Դեռ ավելին, այդ ժամանակ նրա վերաբերյալ քրեական գործ Հատուկ քննչական ծառայությունում ընդհանրապես չի քննվել: Քրեական գործը, որով կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել Միհրան Պողոսյանի վերաբերյալ նախկինում վարույթը կարճված քրեական գործով վարույթը վերսկսելու նոր երևան եկած հանգամանքներ, ՀՔԾ-ում վարույթ է ընդունվել միայն 2018 թվականի հոկտեմբերի 15-ին: Այդ քրեական գործի քննության արդյունքներով` ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է 2019 թվականի հունվարի 17-ին, և քրեական գործը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՔԾ: Երկու քրեական գործերը միացվել են, և կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդմոն Մարուքյանը կոչ է անում հետաքրքրվել նախաքննության մարմնից՝ ինչպես եղավ, որ Միհրան Պողոսյանը լքեց երկիրը:

«Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում: Մի տարի է գիտեք, որ պետք է էդ մարդը քրեական հետապնդման ենթարկվի: Էդ մեր նախաքննության մարմիններն էնքան սպասեցին, որ մարդուն տարան, առոք-փառոք ճանապարհին, որ հետո չկարենա՞ն բռնել: Մեկդ էդ հարցը չեք բարձրացնում՝ բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ «Բուլկի Արամը» գնաց: Էդ հարցը չի՞ հետաքրրում ձեզ: Ինձ էդ հարցնա հետաքրքրում: Մարդը գնացելա, կարա դիմի քաղաքական ապաստանի համար: Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվողա, Ռոդրիգեսը Ռուսաստանումա դիմում, Խոսե Իգնասյոն էլ կարողա, ասենք, Մեքսիկայում դիմի: Մարիա Սորտեի սերիալը բերել սարքել եք Հայաստանի սերիալ: Սա ի՞նչ բան ա», - ասել էր Մարուքյանը և նշել, որ քիչ հավանական է համարում, թե Պողոսյանին քաղաքական ապաստան կտրիվի ՌԴ-ում։

«Հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա՝ չեմ կարծում, թե նրան ապաստան կտան: Այ որ տրվի, դա շատ վատ կլինի: Քրեական հետապնդում չեն կարող իրականացնել այդ մարդու նկատամամբ, առոք-փառոք կապրի, Ռուբլյովկայում տուն կառնի ու ընդեղից էլ ձեր վրա կծիծաղի»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել էր Մարուքյանը: