Անհրաժեշտ է ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

f
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Ժամանակն է գործելու. կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքում» խորագրով ամփոփիչ համաժողովի շրջանակներում մայիսի 23-ին մասնակցել է պանելային քննարկման: 
 Մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում կանանց առաջնորդության, հասարակական և քաղաքական կյանքում նրանց մասնակցության հետ: Մասնակիցները կիսվել են իրենց անձնական փորձով, հաջողության հասնելու գաղափարներով և ռազմավարություններով:
 
 Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար՝ կարևորելով տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը:
 
«Կարծում եմ` յուրաքանչյուրս ունի հաջողության իր բանաձևը։ Իմ հաջողության բանաձևը երկու հիմնական գաղափարների համադրության մեջ է՝ սեր և ներդաշնակություն։ Սիրո միջոցով է հնարավոր թե՛ անձնական և թե՛ աշխատանքային միջավայրում գտնել ներդաշնակություն։ Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում, ինչպես նաև խթանել հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը»,- ասել է Պաշտպանը։ 
 
 Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը՝ ոչ միայն բացառելով թիրախավորում ու խտրականություն ենթադրող որևէ վարքագիծ, այլ նաև հակազդելով նման ցանկացած դրսևորմանը:
 «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում ցուցադրվել է նաև «Ժամանակն է գործելու» գնահատողական ֆիլմը, ինչպես նաև անցկացվել է թեմատիկ ցուցահանդես:

--00—ՍՊ