«Սահմանազատման»՝ իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

յյ

Իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 

«Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց:

1. Գործընթացն իրավական է և երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը:
 
Իրականում գործընթացը հակասում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի օրենսդրությանը:
 
Ըստ ՀՀ սահմանադրության, «Պետական սահմանի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների սահմանազատումը հնարավոր է միայն ԱԺ կողմից վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա: Ներկա գործընթացն իրականացվում է մի հանձնաժողովի կողմից, որը որևէ նման լիազորություն չունի, հետևաբար հակաիրավական է:
 
Եվ, որը նույնպես կարևոր է, այս գործընթացը հակասում է նաև Ադրբեջանի օրենսդրությանը, իրենց սահմանադրությանը և համապատասխան օրենքներին: Նաև իրենց օրենսդրութամբ սահմանազատումը պետք է տեղի ունենա վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա:
 
Այսինքն,
• Ադրբեջանի օրենսդրությանը հակասելու է իրենց փաստացի տիրապետության տակ գտնվող հողերից մեզ որևէ սանտիմետր փոխանցելը,
• Ադրբեջանն ունի ապագայում հնարավորություն հայտարարելու, որ իրենց փոխվարչապետի իրականացրած գործողությունները որևէ ուժ չունեն, և չընդունի նույնիսկ առկա սահմանազատումը:
 
Իշխանությունների հիմնական թեզն այն է, որ եթե սահմանը որոշված է, միջազգային հանրությունը կկանխի Ադրբեջանի հարձակումը: Թողնենք, որ այս միտքն ինքնին իրականության հետ կապ չունի:
 
Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանազատումը երաշխիք է, այն որևէ կապ չունի ներկա գործընթացի հետ, քանի որ վերջինս հակասում է այդ թվում Ադրբեջանի օրենսդրությանը: Ալիևը վաղը կասի` «էն 25 հեկտար տալը մեր օրենքին հակասում է, փոխվարչապետին էլ ձերբակալել ենք: 25-ը հետ տվեք, թե չէ պատերազմ»:
 
2. Փոխանցվող հողերը Հայաստանին չեն պատկանում:
Սա ամենամանիպուլյատիվ թեզերից է:
Շատերին թվում է թե կա ինչ-որ միջազգային «կադաստր», որտեղ նշված են երկրի փաստաթղթերը:
 
Երկրի տարածքի որոշումը երկու շերտ ունի`
• Ներքին` որտեղ է տարածվում երկրի փաստացի իրավազորությունը, որտեղ են գործում իր օրենքները, իրավապահ համակարգը,
• Արտաքին` որ սահմանն է որոշվել փոխադարձ կնքված և վավերացված միջազգային պայմանագրով:
 
Քանի դեռ չկա վավերացված միջազգային պայմանագիր, յուրաքանչյուր երկրի տարածքն այնտեղ է, որտեղ առկա է իր փաստացի իրավազորությունը: Հանձնվող տարածքները Հայաստանի իրավազորության տարածքում են, քանի որ դրանց վրա գործում է Հայաստանի օրենսդրությունը և առկա չէ Ադրբեջանի հետ կնքված, վավերացված, Ադրբեջանի և Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող իրավական փաստաթուղթ, որը կորոշի սահմանը:
Եթե հանցագործություն տեղի ունենա այդ տարածքում, քննությունն իրականացնելու է ՀՀ իրավապահ համակարգը: Բնակիչներից մեկը փորձեց այրել ինչ-որ կառույց, ոստիկանները կանխեցին: Եթե դա Հայաստանի տարածքը չէ, ի՞նչ են անում ոստիկաններն այդտեղ:
 
Այդ տարածքի փաստացի տիրապետության փոխանցումն առանց վավերացված միջազգային պայմանագրի հանցագործություն է:
3. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017թ.-ին տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցով համապատասխան տարածքները դուրս են մնացել ՀՀ տարածքից:
 
«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ինչքան էլ տարօրինակ հնչի, վարչատարածքային բաժանման մասին է և ոչ` սահմանազատման: Մինչև 2017թ.-ը համապատասխան համայնքները եղել են առանձին վարչական միավոր, այնուհետև միավորվել են Նոյեմբերյան խոշորացված համայնքին:
Սակայն եթե Կառավարությունը պնդում է, որ 2017թ.-ի փոփոխություններով համապատասխան տարածքները ՀՀ սահմաններից դուրս են եկել, հրաշալի միտք եմ տալիս` քրեական վարույթներ նախաձեռնեք օրենքի համապատասխան փոփոխությանը կողմ քվեարկած պատգամավորների և այն ստորագրած նախագահի նկատմամբ: Ձեր պնդելով իրենք ՀՀ տարածքներ են հանձնել: Եթե չեք նախաձեռնում, դա նույնպես հանցագործություն է:
 
4. Ադրբեջանը կվերադարձնի հողերը,
Ադրբեջանի ոչ մի սանտիմետր չի վերադարձնի, քանի որ այս գործընթացը հակասում է իր օրենսդրությանը:
5. Սահմանազատումն իրականացվում է ձեռնտու քարտեզով:
Ընդհանրապես, քարտեզների մասին վեճը որևէ նշանակություն չունի: Կարծում եմ, սա այն ծուղակն է, որի մեջ ընկնում են նաև ընդդիմադիրները:

Իշխանությունն ասում է, որ x թվականի քարտեզով y ծավալի հող կվերադարձվի, ընդդիմությունն այլ թվականի և այլ ծավալի հողերի մասին է խոսում:
 
Կրկնում եմ` որևէ թվականի քարտեզի մասին խոսելն այս պահին ավելորդ է, քանի դեռ չկա վավերացված պայմանագիր: