Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ ռեստորանի տերը այրել է նախկին կնոջ մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ֆֆ

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 65-ամյա Ռ․ Երեմյանն է, ով ժամը 12։30-ի սահմաններում հանդիպել է ավտոմեքենայի սեփականատեր, իր նախկին կնոջը՝ Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Ալինա Մ․-ին և նրա հետ մտերմիկ զրույց ունենալու առաջարկով նստել է Ալինա Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և հասնելով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի կամրջի մոտ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, ինչից հետո Ռ․ Երեմյանը նախապես իր մոտ եղած բենզինի շշից բենզինը լցրել է ավտոմեքենայի մեջ և այրել։ 

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նա փորձել է անգամ վնասել Ալինա Մ․-ին, սակայն վերջինս կարողացել է փախնել նրա մոտից, իսկ Արարատի մարզի ոստիկանները ժամանակին գտնվելով դեպքի վայրում վնասազերծել են Ռ․ Երեմյանին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով ոստիկանության Արտաշատի բաժնից փաստաթղթեր են ստացվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ․ Երեմյանը հայտնի է «Ռազո» մականվամբ, ով «Ռալինա» ռեստորանային համալիրի տերն է։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է տուժած Ալինա Մ․-ն։

 


 
 --00—ՍՊ