Հրազդանի կիրճում մաքրվում և ընդլայնվում է գետի հունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

l-0x20wh-786x458z-1

Հրազդանի կիրճում մաքրվում և ընդլայնվում է գետի հունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տասնամյակների աղբն ու տիղմը դուրս է բերվում՝ թողունակությունը մեծացնելու համար:

«Տիղմ էր հավաքված՝ հողային զանգված, որի պատճառով նեղացել էր գետի հունը, ջրի թողունակությունը փոքրացել էր 60-70 տոկոսով: Այժմ հունը բացում, մաքրում ենք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով նախատեսում է մոտ 9000 խմ աղբ տեղափոխել: Առայժմ աշխատանքները մեկ կետում են ընթանում: տեխնիկան աշխատում է հենց գետի մեջ:

«Մայիսի վերջից սկսել ենք աշխտանքները: միաժամանակ 12-14 միավոր տեխնիկա է այստեղ աշխատում, և արդեն 100-150 մ մաքրել ենք»,-ասում է աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը:

«Ընտրվում են ամենախոցելի, ամենաբարդ հատվածները, որտեղ ջրի մակարդակը կարող է բարձրանալ և տարատեսակ լուրջ խնդիրներ առաջացնել: Ամբողջ երկայնքով գետը մաքրելու համար անհրաժեշտ է մի քանի տարի»,- ընդգծում է Կարոյանը:

Հրազդանի կիրճը Երևանի բնական համակարգի ամենակարևոր հատվածն է: Քաղաքապետարանը մտադիր է փոխել նաև Հրազդանի կիրճի կարգավիճակը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք: Այդ առումով կենսաբազմազանության մասնագիտական ուսումասիրություններն սկսվել են դեռ նախորդ տարեվերջին:

«Ճշտելով փաստացի իրավիճակը՝ պատրաստելու ենք կառավարության որոշում, որով կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ: դրանից հետո հողերի նշանակությունը կփոխվի, կդառնա բնապահպանական և նոր կառուցապատումներ կիրճում տեղի չեն ունենա»,-նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը:

Քաղաքապետարանի համար առաջանահերթ է Երևանի ջրային համակարգերի, այդ թվում մասնավորապես Հրազդանի պահպանումն աղտոտումից: Ամեն տարի այդ նպատակով է նաև մաքրվում գետի վտակների հունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ