Հայաստանի ներկայացուցիչներն Օլիմպիական խաղերում դեռևս 3 մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

081024c36efbde74ee46508613298a974840de

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

«Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:

102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 212 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս անդամ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն էլ Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170+200 կգ):

Այսօր երեկոյան մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին, որտեղ Հայաստանը կներկայացնի աշխարհի փոխչեմպիոն, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը:

Փարիզում ավարտին մոտեցող Օլիմպիական խաղերում այսօր մրցագորգ է դուրս եկել նաև Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող 65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը: Վերջինս մեկնարկային՝ 1/8 եզրափակչում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի հետ և 11:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ։ Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում գոտեմարտել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ և 5:1 հաշվով հաղթելուց հետո վերջին րոպեներին 5:7 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ:

Հայաստանի ներկայացուցիչներն Օլիմպիական խաղերում դեռևս երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել»:

--00—ՅՄ