Համաձայն չեմ, որ Արցախի իշխանությունները սատարում են Քոչարյանին․ Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե գլխավոր դատախազին ուղղված Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմում-խնդրանքը որևէ կապ ունի քաղաքականության հետ։

«Կարծում եմ՝ ես չէ, որ պետք է գնահատական տամ։ Նշված անձինք դիմել են գլխավոր դատախազին, պատասխանը դատախազի տիրույթում է։ Ես կարծում եմ, որ այստեղ քաղաքականությունն ընդհանրապես որևէ կապ չունի։ Պարոն Սահակյանը և պարոն Ղուկասյանը դիմել են դատախազին, հետևաբար, խնդիրը իրավական դաշտում է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի գործող ու նախկին նախագահները դիմել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։