ԵՄ դեսպանի համոզմամբ՝ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել վիզաների ազատականացման

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_2

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը դեռ վաղ է համարում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասներից խոսելը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել այդ կարևոր նպատակի իրագործմանը։

Պատասխանելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև արդեն իսկ ստեղծվել է շատ լավ գործընկերություն արդարադատության համակարգի բարեփոխումների, մարդու իրավունքների, սահմանների կառավարման ոլորտներում, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հարցում։ 

«Սրանք այն ոլորտներն են, որոնց ուղղությամբ մենք ցանկանում ենք շարունակել աշխատանքները և երկու կողմերի տեխնիկական խմբերը կաշխատեն։

Մասնավորապես՝ շատ կարևոր են՝ փաստաթղթերի անվտանգությունը, որպեսզի անձը, ով ճամփորդում է, ունենա անվտանգ անձնագիր և հնարավոր լինի նույնականացնել, ինչպես նաև մյուս ոլորտներն ու բնագավառները, որոնք ապահովում են անվտանգ ճամփորդություններն ու այլ ուղղություններ։ Բայց համատեղ ջանքերի միջոցով, կարծում եմ, կկարողանանք հասնել շատ կարևոր այս նպատակին՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»,-ասաց Մարագոսը։

--00—ՅՄ