ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Սամվել Ֆարմանյանը, ում Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ժամանակ դատավորը հեռացրեց նիստերի դահլիճից, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«Կյանքումս առաջին անգամ դատարանում էի՝ Հրայր Թովմասյանի դատական նիստերին: Գործը քաղաքական հետապնդման ցցուն օրինակ է, որի մասին խոսում են բոլորը՝ ինքը Թովմասյանը, փաստաբանները, լրագրողները: Խոսել են Նիկոլն ու ԱԱԾ նախկին տնօրենները:
Իմ դիտարկումը՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են:
Զոհ են դատախազները, որոնց միակ հույսն այն է, որ հնարավոր որևէ իշխանություն ապագայում էլ ունենալու է հլու-հնազանդ մեղադրողների կարիք ու աչք է փակելու այս ու նման տասնյակ ապօրինությունների վրա: Ինչպես եղել է մշտապես:
Զոհ է գեղեցկատես ու հմայիչ դատավորը, որին շատ ավելի հաճելի է նայել, քան լսել: Մանավանդ, որ դատարանի դահլիճում շատ ցածր է խոսում:
Նա սեփական փորձից գիտի, որ իշխանությունները քաղաքական ընդդիմախոսներին պատժում/չեզոքացնում են նաև դատարանների միջոցով, իսկ մասնագիտական առաջխաղացման համար վճարվող գինը կարող է լինել նաև պահի իշխանությանը հաճո ապօրինի դատավճիռների տեսքով:
Ինքը ոչ առաջինն եւ ու ոչ էլ վերջինը:
Զոհ է մեղադրվողը: Ակնհայտ է՝ ինչու:
Զոհ են փաստաբանները, որոնք իրենց մասնագիտական իմացությունը տարիներով գործի են դրել՝ դատախազներին ու դատավորին ապացուցելու ինչ-որ բաներ, որոնց կարիքը նրանք ի վերուստ չունեն:
Զոհ են դատական նիստերը լուսաբանող լրագրողներն ու լրատվամիջոցները:
Նրանք կարծում են, թե հանրային կարծիը կամ մասնագիտական հանրության տեսակետը կարող է ազդել մեղադրողի կամ դատավորի վարքագծի վրա:
Զոհ են նիստին ներկա քաղաքացիները, քանի որ բոլորը գիտեն ինչի համար է կարվել այս գործը, վերջում ինչ է լինելու, բայց անկախ այդ ամենից ներկա են մի ներկայացման, որտեղ ամենատաղանդավոր դերասանները չէ, որ խաղում են:
Էլ չասած այն մասին, որ դահլիճում արտասովոր շոգ է: Շոգ բոլոր առումներով»:
--00—ՍՊ