ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Գրեթե բոլոր ոլորտներում ձախողված (չի ձախողվել միայն խաբեության, ստի և մանիպուլյացիայի ոլորտում) ու կապիտուլյացված կառավարությունն այսօր մեկնարկել է՝ իբրև թե համաշխարհային, հայկական 2-րդ գագաթնաժողովը: Սուտն ու դատարկամտությունն այնքան հոգեհարազատ է նրանց, որ նախկինում (հաղթանակած ու պատիվ ունեցող Հայաստանում) անցկացված “Հայաստան-Սփյուռք” 1-ին (1999թ.), 2-րդ (2002թ.), 3-րդ (2006թ.), 4-րդ (2011թ.), 5-րդ (2014թ.), 6-րդ (2018թ.) համաժողովները մի կողմ թողած՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, իբրև թե առաջին անգամ 2022թ. Հայաստանն անցկացրել է “Համաշխարհային, հայկական 1-ին գագաթնաժողովը”:
Կա՞ մեկն այս ձախողակների կառավարությունում, որ կարող է բացատրել, թե ո՞րն է տարբերությունը: Ես կասեմ. տարբերությունն այն է, որ 2018թ.-ից սկսած Հայկական Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից: Իսկ Արցախը, որպես Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության երրորդ կարևորագույն օղակ և համաշխարհային հայության համար միավորիչ գաղափարներից մեկը՝ հայաթափել ու նվիրել են հակառակորդին: Միավորիչ կարևոր գաղափարներից մեկն էլ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որի մասին Նիկոլ Փաշինյանն այսօրվա գագաթնաժողովին բառ անգամ չասեց: Եվ այս պայմաններում, երկրի կառավարության ղեկավարը խոսում է նյուվասյուկի հիշեցնող սեփական ընկալումներից (որոնց մեծ մասն առ այսօր սխալ ու կործանարար են եղել Հայաստանի համար):
Կապիտուլյացիայի, հողատվության ու համազգային աղետների գլխավոր հեղինակ Նիկոլ Փաշինյանի սեփական ընկալումների ասուլիսի վերածված գաղաթաժողովում, վերջինս ասում է, որ “ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է ու շարունակում է աճել։ Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մեր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները”: Նիկոլն իհարկե համաշխարհային գագաթնաժողովի մասնակիցներին չի հիշեցնում, թե ինչպես էր ինքը քննադատում և պայքարում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամության գործընթացի դեմ: Չի ասում նաև, որ ժամանակին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը մի քանի անգամ մեծացրել է իր ապրանքաշրջանառությունն ու ազգային եկամուտները: Նիկոլը չի ասում, որ հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ-ն տնտեսապես մեծ օգուտներ քաղեց և շարունակում է ավելացնել տնտեսական գրավչությունն ու տուրիզմի ծավալների աճը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելով ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև կապող օղակ հանդիսանալու տեսանկյունից: Նիկոլը չի ասում, որ եթե չլիներ նախկին իշխանության այդ որոշումը, ապա Հայաստանն այսօր ստեղծված համաշխարհային իրադրության ֆոնի վրա, կվերածվեր աղքատության ու գործազրկության վառ օրինակի:
Փաշինյանը նաև սրտնեղել է, թե Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, և կետերը համաձայնեցնելուց հետո, ամիսներ առաջ նոր հոդված (պահանջ) է առաջ քաշել: Զավեշտն այն է, որ Նիկոլն այդ ասուլիս-գագաթաժողովին, անկախ իր կամքից, մի այսպիսի հարցադրում է արել “Հայտնի արտահայտություն կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ի՞նչ դասեր քաղել”: Ասեմ ինչ դասեր, հընգեր Նիկոլ. օրինակ՝ Ադրբեջանի գործողոթյուններից սրտնեղելու փոխարեն, վերցրու և կարդա 2010թ. կազանյան փաստաթղթի նախապատրաստման և չստորագրման պատմությունը: Երբ ամեն բան պատրաստ էր ստորագրման և աշխարհը գովաբանելով Սերժ Սարգսյանի համարձակ քայլերը, լավատեսորեն խոսում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորվածության մասին՝ վերջին պահին Ալիևը բերում է նոր առաջարկներ և ձախողում է կազանյան գործընթացը: Դու մի նեղվիր, որովհետև ինքդ ես մեղավոր: Քո անվերջ հանձնելուց հետո, հիմա նույն Ալիևն ավելի մեծ խաղաթղթեր ու ախորժակ ունի, ու քանի դու ես իշխանության, ինչքան էլ համաձայնվես, ինչ էլ տաս մեր երկրից՝ միևնույն է նա միշտ մի նոր պահանջ է առաջ քաշելու: Ահա, թե ինչից և ինչ դասեր պետք է քաղես:
Մի զավեշտ էլ; լսելով Նիկոլ Փաշինյանին, կարծես թե թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջել է նաև փակել հայակական ատոմային էլեկտրակայանը: Իհարկե դա ուղիղ տեսքով չի ասում, սակայն զավեշտն այն է, որ ըստ Նիկոլի “աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ”: Եթե չկան գործող մոդուլային կայաններ, ապա ինչի՞ հիման վրա է Հայաստանը կայացրել ռազմավարական որոշում:
Ինչ վերաբեում է ԵՄ անդամակցության, հնամաշ պագրիշկեքի, սուպերմարկնետների դատարկ դարակաշարերի, վիզաների ազատականացման, տարածաշրջանում ագրեսիվ մթնոլորտի նվազեցման, ադրբեջանական գազի, և հայրենասիրության մասին Փաշինյանի անձնական դատողություններին, վստահ կարելի է ասել, որ “Հայրենիքը պետություն է, իսկ պետությունն էլ միայն Նիկոլն է”: Հենց իր ընկալումների ձեռքն է կրակն ընկել այսօրվա Հայաստանն ու Արցախը»:
--00—ԼՀ