Աշտարակի դպրոցում պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

գհ

2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում և կից փաստաթղթեր այն մասին, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․Մեծի փողոցում գտնվող Ն․Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դեպքի վայրում իրականացվել են անհետաձգելի առաջնային գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել դեպքի վայրը, հարցաքննվել են անձինք։ 

Պարզվել է, որ դպրոցի նկուղում բետոնի պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Աշտարակ քաղաքի 30-ամյա բնակչի և Հնդկաստանի մի քաղաացու վրա, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կատարվածի և շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բժշկական հաստատությունից ստացված տվյալների համաձայն՝ Աշտարակ քաղաքի բնակչի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուս անձն արդեն դուրս է եկել հիվանդանոցից։

Նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՀ