ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Սեպտեմբերի 17-ին Բուդապեշտի «Հունգարիայի երաժշտության տուն» համերգասրահում Հունգարիայում ՀՀ դեսպանությունը Հունգարիայի Հայ ինքնավարության աջակցությամբ կազմակերպել էր համերգ-երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին և Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա էին Հունգարիայի Ազգային ժողովի առաջին փոխխոսնակ Մարթա Մատրային, Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հունգարիայի խորհրդարանականներ, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի, ինչպես նաև այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ներկաներին շնորհավորական ուղերձ հղեց Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ անդրադառնալով Հայաստան-Հունգարիա հարաբերություններին և հայ ու հունգար ժողովուրդների պատմական առնչություններին: ՀՀ դեսպանն իր խոսքում առանձնակի անդրադարձավ ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին և իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտներին, մենակատարներ Գոռ Սուջյանին և Ինգա Արշակյանին իրենց կատարողական բարձր արվեստի համար։
--00—ՍՊ