ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Սեպտեմբերի 18-ին լրատվամիջոցների հետ զրույցում Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը Վրաստանի չորս քաղաքացիների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու մասին։
Սեպտեմբերի 18-ին Իրակլի Կոբախիձեն այս հարցով հանդիպել էր ԱՄՆ դեսպանին։ Ավելի ուշ նրա մամուլի գրասենյակը հրապարակել էր վարչապետի խոսքը: Հանդիպմանը, մասնավորապես, ասվել է, որ «այդ որոշմամբ ամերիկյան կողմը մոտեցել է կրիտիկական սահմանին»։
Դաննիգանը լրագրողներին ասել է, որ ԵՄ-Վրաստան Գործարար խորհրդի հետ հանդիպման ժամանակ ասվել է, որ «վրացական կառավարության վերջին հակաժողովրդավարական գործողությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի մասին ապատեղեկատվությունը և վարչապետի երեկվա նման հայտարարությունը չեն օգնում Վրաստանին և Վրաստանի ժողովրդին»։
Ըստ ԱՄՆ դեսպանի՝ Վրաստանի կառավարության մեկուսացմանը նպաստող հայտարարությունները չեն ծառայում եվրաինտեգրման նպատակին:
--00—ՍՊ