Լիբանանում նոր պայթյուններից վախի պատճառով սկսել են անջատել հեռախոսները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

տտ

Լիբանանի բնակիչները պայթյունների երկրորդ ալիքից հետո անջատում են հեռախոսներն ու մյուս սարքերը՝ նոր պայթյուններից վախի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The New York Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ լիբանանցիները նաև անջատել են ինվերտորներն ու արևային մարտկոցները։ Այժմ երկրի բնակիչները կասկածանքով են վերաբերվում նույնիսկ մանկական ռադիո մոնիտորներին, հեռուստացույցներին և նոութբուքերին։

Ինչպես նշում է պարբերականը, փեյջերների պայթյունները լիբանանցիների առօրյան վերածել են «խուճապի և բռնության տեսարանների»։ Այս գրոհները լրջորեն խախտել են առողջապահական համակարգի աշխատանքը. հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով:

Միևնույն ժամանակ հրատարակությունը պարզաբանում է, որ Իսրայելն ավելի ու ավելի շատ ռեսուրսներ է հատկացնում «Հեզբոլլահ» շիա շարժման դեմ պատերազմին՝ Գազայի հատվածի հակամարտությունից իր ուշադրությունը շեղելով այս ուղղության վրա։ 

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյունների զոհերի թիվն, ընդհանուր առմամբ, հասել է 37-ի, շուրջ 3500 մարդ վիրավորվել է։ Իսրայելն ուղղակիորեն չի անդրադարձել Լիբանանում սարքերի պայթյուններին, սակայն ըստ տարբեր հրատարակությունների աղբյուրների՝ դրանց հետևում կանգնած է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը։ 

--00—ԼՀ