Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն դրամ կաշառք տալու փորձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կա.jpe

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Ա. Տ.-ն հիշյալ ընկերությանը պատկանող հողատարածքում կառուցապատման աշխատանքների իրականացման ընթացքում քաղաքաշինական հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով պաշտոնատար անձանց փորձել է տալ 80 մլն ՀՀ դրամ կաշառք: Ակս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Տ.-ն, բազմաբնակարան շենքի կառուցապատման համար տրված շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կաշառք տալու նպատակով իր ծանոթ Գ. Գ.-ի միջոցով դիմել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, նպատակ չունենալով հիշյալ հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Գ. Գ.-ին վստահեցրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, որոնք 80 մլն ՀՀ դրամ կաշառքի դիմաց կարող են կազմակերպել վերը նշված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը:

Ընդունելով պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը՝ Ա. Տ.-ն Գ. Գ.-ին է փոխանցել պահանջված գումարի մի մասը՝ 40 մլն ՀՀ դրամը, որից 25 մլն ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գ. Գ.-ն 2022 թվականի դեկտեմբերի 6-ին փոխանցել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, ստանալով նշված գումարը, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել: Այսինքն՝ Ա. Տ.-ի կողմից պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Գ. Գ.-ին՝ 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հիշյալ երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Թ. Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ