ՄԻՊ-ը բացման խոսքով է հանդես է եկել ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման միջգերատեսչական աշխատաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 26-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

 Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցեր, և այս համատեքստում պետության ստանձնած պարտավորությունները։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը պատշաճ մակարդակի հասցնելու առումով Եվրոպայի խորհրդի հետ բովանդակային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է, և այն շատ կարևոր է պետության ներսում իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից։

«Ցավոք, ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի երաշխավորման հետ կապված տարբեր խնդիրները դեռևս ամբողջական լուծում չեն ստացել։ Հարցի լուծմանն անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի մշակման և իրացման անհրաժեշտությունը, որի շնորհիվ յուրաքանչյուր դեպքի հանգամանքների ուսումնասիրության և այլ դեպքերի հետ համադրության արդյունքում հնարավոր կլինի հասնել խնդրի համակարգային լուծման: Կանխարգելման գործառույթ ունեցող կառույցները պետք է լինեն խիստ պրոֆեսիոնալ։ Այս առումով շատ կարևոր է նաև սպա-հոգեբանի, սպա-իրավաբանի արդյունավետ աշխատանքը ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Բացառիկ կարևորություն ունի նաև նշված գործերով արդյունավետ և պատշաճ քննության իրականացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը։ 

Պաշտպանը նշել է, որ չնայած խնդիրների ուղղությամբ իրավասու մարմինների գործադրած ջանքերին՝ ոլորտում մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։

Դիմելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակներից է։

«Այդ ուղղությանը մենք նոր թափ ենք հաղորդելու, բնականաբար, ակտիվորեն՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ»,- հավելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Աշխատաժողովին մասնակցել են տարբեր պետական իրավասու գերատեսչությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Պաշտպանության նախարարություն Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար Հրայր Հովակիմյանը և Եվրոպայի խորհուրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Համաոլորտային մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը։
--00—ԼՀ