ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
24News-ը երեկ արդեն հայտնել էր, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մոտ մեկ շաբաթ առաջ մուտք գործել Մոսկվա։ ՌԴ իշխանությունները նրան մի քանի ժամ պահել են օդանավակայանում ու հետո պահանջել, որպեսզի նա հետ վերադառնա Հայաստան ի տարբերություն իր ընտանիքի այլ անդամների, որոնք կարողացել են հանգիստ հատել Ռուսաստանի սահմանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՌԴ իշխանությունների այս որոշումն ունի երկու պատճառ։ Առաջինը կապված է Սոչիի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանի ՝ Ռոբսոնի և Սամվել Ալեքսանյանի որոշակի բիզնես գործունեության հետ, որը հայտնվել է ռուսաստանցի իրավապահների ուշադրության տիրույթում։ Հիշեցնենք, որ Թաթուլյանը գտնվում է հետախուզման մեջ և լքել է ՌԴ տարածքը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, Թաթուլյանը կասկածվում է բազմամիլիորդանոց հափշտակությունների մեջ, որոնք կապված են Սոչի քաղաքում շինարարությունների, հողաբաժանման ու, ըստ ամենայնի, գյուղատնտեսական հարցերի հետ։
Բացի այդ, մեր աղբյուրը նշում է, որ Սամվել Ալեքսանյանի մուտքը նաև փակ է Հայաստանի իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի, ավելի կոնկրետ՝ ՔՊ-ին կամ իշխանական վերնախավին ակտիվ ֆինանսավորելու համար։ Հայ-ռուսական հարաբերությունների ներկա ճգնաժամային ֆոնին ռուսական իշխանությունները Ալեքսանյանի այս մոտեցումն «ընդունելի» չի համարում։
Նկատենք նաև, որ ըստ նույն աղբյուրի, ՌԴ իշխանությունները կազմել են հայաստանցի պրոիշխանական գործարարների ցանկ, որոնց մուտքը երկիր արգելվելու է։
--00—ԼՀ