ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News
Երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը անդրադարձել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ուսուցչի նկատմամբ իրականացված ԱԱԾ գործողություններին․
«Երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության և պատժի, սակայն դա չի նշանակում, որ այդ անձի ձերբակալումը, բերման ենթարկվելը կամ հարկադրանքի այլ միջոց կիրառելը պետք է իրականացվի այլ անձանց, մասնավորապես՝ երեխաների իրավունքները խախտելով:
Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի և այլ իրավական ակտերով երեխայի լավագույն շահն առաջնային է, և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները չպետք է կատարեն որևէ գործողություն, որը հակասում է երեխայի լավագույն շահին կամ վնասում է այն:
Միջազգային մարմինների (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն) բազմաթիվ ակտեր փաստում են, որ բռնության ականատես երեխաներին պետք է վերաբերել որպես բռնությինից տուժողների, ինչից ելնելով տուժող և վկա երեխաների հետ թե՛ հարցաքննության, թե՛ քննչական այլ գործողությունները, թե՛ վարվեցողության կանոնները նույնն են: Տուժող և վկա երեխաների նկատմամբ նման մոտեցումը պայմանավորված է բռնության ականատես լինելու դեպքում նույն հոգեբանական տրավման վերապրելով ինչ բռնության ենթարկվելու դեպքում: Այսինքն, բռնության ականատես երեխան նույն սթրեսը, վախը, տագնապը և այլ նմանատիպ հույզերն ու վիճակներն է վերապրում, ինչ բռնության ենթարկված երեխան:
Այս դոգման հանգեցրել է նրան, որ երեխաների ներկայությամբ բազմաթիվ գործողություններ, որոնք վնասում են երեխայի նորմալ ֆիզիկական և հոգեկան զարգացումը, արգելված են: Դրանց շարքին են դասվում հարկադրանք կիրառելով գործողությունները, զենքի կամ այլ անձանց կյանքի համար վտանգովոր այլ եղանակներով միջոցառոջմների կազմակերպումը, սեռական ենթատեքստ ունեցող գործողություններով ուղեկցվող կամ դրան առնչվող այլ գործողությունները:
Հետևաբար, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ձերբակալումը, հետապնդելով հանրօգուտ նպատակ, հակասում է այդ գործողության ականատես երեխաների լավագույն շահին, տրավմատիկ է, և նմանատիպ դեպքերը պետք է բացառվեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին երեխայակենտրոն և երեխայազգայուն մոտեցումներ կիրառելու հմտություններ սովորեցնելով՝ բացառելով հետագայում նման պրակտիկայի կիրառումը:
Նման մոտեցումն ունի միայն մեկ բացառություն, եթե հրատապ չարձագանքելը հանգեցնելու էր ենթադրյալ հանցագործի փախուստի կամ նրա կողմից նոր հանցագործություն անմիջական կատարելուն: Հիմնվելով դպրոցից հասած տեղեկությունների վրա՝ վերը նշված երկու իրավիճակներն էլ այսօր առկա չէին:
»։
--00—ՍՊ