Առաջին անգամ եմ լսում, ֆեդերացիան գործող նախագահ ունի․ Արզումանյանը՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՌԱ

24News-ի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում կհայտարարվի Արմեն Մելիքբեկյանի՝ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից ազատման մասին։ 

24News-ին հայտնի դարձավ, որ դեռ 2-3 շաբաթ առաջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով հարցը քննարկվել և անգամ թեկնածուների անուններ են շրջանառվել։ 

Ըստ մեր աղբյուրի՝ Ֆեդերացիայի նախագահի հնարավոր թեկնածուն Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, ՆՈԱ ֆուտբոլային ակումբի տնօրենի խորհրդական Ռոբերտ Արզումանյանն է։ Սակայն այդ պաշտոնի համար պայքարում են նաև Ֆեդերացիայի ներկայիս գործկոմի կազմից մի քանիսը։ 

24News-ը կապ հաստատեց Ռոբերտ Արզումանյանի հետ, հետաքրքրվեց, իրեն առաջարկ եղե՞լ է․ «Ես առաջին անգամ եմ լսում, տեղեկություն չունեմ։ Ֆեդերացիան ունի նախագահ, իսկ ես այլ տեղեկություն չունեմ»,- մեկնաբանեց ազգային հավաքականի նախկին պաշտպանը։ 

Հետաքրքրվեցինք՝ իսկ առաջարկ լինելու դեպքում պատրա՞ստ է ընդունել այն․ «Չեմ կարող ասել, կներեք, ես մարզչական լիցենզիայի եմ, երկար չեմ կարող խոսել այս պահին»։ 

Ի դեպ, դեռ տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում Արզումանյանը չէր բացառել, որ հնարավոր է՝ գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, բայց միայն լավ սովորելու ու մարզչական աշխատանքից հասկանալու դեպքում։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ