Այսօր Ս.առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

mamasi-67c442cb

Ս. Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Ս. Պողոս առաքյալին: Ս. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցել` քարկոծվելով մահացել է:

Ս. Մատաթիան այն աշակերտներից մեկն էր, ով միշտ շրջել է Հիսուսի հետ, սկսած Նրա մկրտությունից մինչև համբարձում: Նա առաքյալ ընտրվեց Հուդա Իսկարիովտացու փոխարեն: (Տես՝ Գործք Առաք. 1:21-23):

Ս. Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Ս. Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից: 

Ս. Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության՝ առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:

Ս. Հովհաննեսը` Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Ս. Հովհաննես Մկրտչին: Ս. Աստվածածնի վերափոխումից հետո եկել է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվել` աքսորվել Պատմոս կղզի, ուր և գրել է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է բնական մահով:

Ս. Շիղան եղել է Ս. Պողոս առաքյալի գործընկերներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոս է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:

--00—ՅՄ