ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ստամբուլում կայացել է ՀՀ ՏԿԵ նախարար Գ. Սանոսյանի և Թուրքիայի ՏԵ նախարար Ա. Ուրալօղլուի երկկողմ հանդիպումը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է հայտնել հանդիպումից․
«Այսօր մասնակցել եմ Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։
Իմ ելույթում շեշտել եմ, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ապահով գործարկումն առաջնային կարևորություն է ձեռք բերել աշխարհի բոլոր պետությունների համար, քանի որ զարգացած ենթակառուցվածքների առկայությունն և տարածքային համաչափ զարգացումը բոլոր երկրների կայուն զարգացման և դրանցում ապրող մարդկանց բարեկեցության ապահովման կարևորագույն գործոններից են: «Տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-ընդգծել եմ իմ ելույթում։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: «Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա»,-շեշտել եմ իմ խոսքում»։
--00—ՍՊ