Պատվիրակվել ենք համամարդկային, հոգևոր արժեքներ փոխանցել․ «Շողակաթ»-ը՝ ԱԺ-ում հնչած գնահատականներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

դ
«Շողակաթ» հեռուստաընկերության տնօրինությանը պարզաբանում է տարածել «Շողակաթ» հեռուստաընկերության բովանդակության վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների մասին․
 
«Հոկտեմբերի 29-ին Աժ-ում գնահատական տրվեց Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» ծրագրի վերաբերյալ: Մասնավորաբար, որ հեռուստաընկերությունը չի անդրադառնում ազգային նվագարաններին, ասել է թե՝ չի համապատասխանում մշակութային ալիքի իր կոչմանը: Նշվեց, որ հեռուստաընկերությունը տասնյակ նյութերով լուսաբանում է «Սրբազան շարժման» հանրահավաքները, որ եթերում տեղ են գտնում կառավարող քաղաքական ուժի հասցեին հնչող պիտակավորումներ: Անընդունելի որակավորումներ հնչեցին հեռուստաընկերության մասնագիտական որակի վերաբերյալ:
 Իր հոգևոր, կրթական, մշակութային, մանկական հաղորդումներով «Շողակաթը» ձեռք է բերել հանրօգուտ նշանակության բարձրորակ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերության համբավ։
Հետևաբար՝ ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ:
Ազգային նվագարանների և ազգագրական խմբերի մասին հեռուստատեսային մի քանի շարքեր են նկարահանվել «Շողակաթով», դրանք բոլորը հասանելի են հեռուստաընկերության կայքէջում:
 Հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» տեղեկատվական ծրագրով հեռարձակվել է չորս ռեպորտաժ, որոնք իրազեկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի, Սփյուռքի հայ համայնքների արտահայտած մտահոգության, Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության և Բագրատ արքեպիսկոպոսի եկեղեցական ծառայությունը կասեցնելու մասին: Հղումները ստորև.
 
 Հարկ ենք համարում ընդգծել, որ հեռուստաընկերության ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները եռամսյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում են լիազոր մարմնին՝ Հանրային հեռարձակողի խորհրդին, կարգավորող մարմնին՝ ՀՌՀ-ին և հասանելի են հանրությանը: Այդ հաշվետվություններից իսկ ակնհայտ է «Շողակաթի» հաղորդումների բովանդակային համամասնությունը: Մասնավորապես՝ հեռուստածրագրի կառուցվածքում հոգևոր-մշակութային լրատվությունը կազմում է տարեկան 4.3 տոկոս, մշակութային հաղորդումները՝ 29.3 տոկոս, հոգևոր հաղորդումները՝ 13.6 տոկոս, երաժշտական ծրագրերը՝ 14.8 տոկոս, մանկական հաղորդումները՝ 11.1 տոկոս, ուսումնական և այլ հաղորդումները՝ 11.3 տոկոս, գիտահանրամատչելի, ուսումնական, վավերագրական և գեղարվեստական կինոնկարները՝ 15.6 տոկոս:
 
 Հայ Առաքելական եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, իր կառույցին պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ: Եվ 2011թ-ից Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Շողակաթ» ծրագիրը ստանձնել և կատարում է այդ պատասխանատվությունը՝ հանրային հեռարձակողի վերաբերյալ ՀՀ օրենսդրական պահանջներին և նորմերին համապատասխան:
 
Մանյա Ղազարյան
«Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն»։ 

 

 --00—ՍՊ