ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Այսօր կայացավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Օրակարգի հաստատումից հետո առաջին հարցով Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց մարզի համայնքներում 2023 և 2024 թ․թ․ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև 2025 թվականին նախատեսվող ամբողջական փաթեթների ներկայացման ընթացքի մասին։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Օրակարգի հաջորդ հարցով մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը ներկայացրեց տասն ամսվա կտրվածքով Տավուշի մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը։ Նշվեց, որ նոյեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 1 միլիարդ 431 միլիոն դրամ, որը կազմում է նախատեսվածի 67 տոկոսը։ Առաջարկվեց մինչև տարեվերջ հասնել 100 տոկոս հավաքագրման։ Համայնքների ղեկավարներին առաջարկվեց համայնքների տեղական բյուջեների 2025 թվականի նախագծերը ներկայացնել համայնքի ավագանու քննարկմանը։
Մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը խոսեց 2024թ․ մայիսի 25-26-ի ջրհեղեղից տուժած համայնքների, տնտեսությունների և ֆիզիկական անձանց պատճառված վնասների վերականգնման աշխատանքների ընթացքի մասին։ Զեկուցողը անդրադարձավ նաև Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցությամբ Տավուշի մարզի համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Նիստի աշխատանքներն ամփոփեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
--00—ՍՊ