Ռազմիկ Մարիկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

թ.j

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարել է Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունը։ ԲԴԽ անդամներ Էդգար Հովհաննիսյանը և Արթուր Աթաբեկյանը դեմ են քվեարկել և ունեն հատուկ կարծիք։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Մարիկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ ՔԿ նախագահի հաղորդման հիման վրա՝ կապված քրեական վարույթներից մեկով մեղադրյալի նկատմամբ կալանք չկիրառելու համար։ Ըստ ԱՆ-ի՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցն ի զորու չէր զսպելու անձի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու վերաբերյալ դատարանի հետևությունները չեն հիմնավորվում գործի նյութերով և համոզիչ չեն։ Մասնավորապես, սույն մեղադրյալի վերաբերյալ երկու քրեական վարույթ կար, որոնցից առաջինով՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրյալի նկատմամբ արդեն իսկ եղել է ընտրված այլընտրանքային խափանման միջոց, որի պայմաններում նոր վարույթ է նախաձեռնվել՝ զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ։

Նախաքննական մարմինը, սակայն, ինչպես հետագայում պարզվեց դատավորի դիտարկումներից՝ չէր միջնորդել խափանման միջոցի պայման խախտելու հիմքով կալանք կիրառել անձի նկատմամբ, փոխարենը՝ այլ գործով միջնորդություն էր ներկայացրել, որի դեպքում այլընտրանքային խափանման միջոցը բավարար էր։ Բացի այդ, հիմնավոր կասկածը, թեև եղել է, սակայն այնքան բարձր չի եղել ամենախիստ խափանման միջոցը կիրառելու համար, առկա չեն եղել անգամ օպերատիվ տվյալներ։

Դատավորն ինքը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ դատական ակտը չի բողոքարկվել դատախազության կողմից, օրինական ուժ է ստացել։

--00—ԼՀ