ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը և Վաշինգտոնը կշարունակեն համագործակցել՝ ի բարօրություն երկու երկրների քաղաքացիների:
«Ես շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու առթիվ: Գերմանիան և ԱՄՆ-ն վաղուց և հաջողությամբ համագործակցում են Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում բարգավաճումն ու ազատությունն առաջ մղելու ուղղությամբ: Մենք կշարունակենք դա անել՝ ի բարօրություն մեր քաղաքացիների»,- գրել է Շոլցը X սոցիալական հարթակում:
ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Դոնալդ Թրամփին շնորհավորել է նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ըստ Գերմանիայի նախագահի ներկայացուցչի՝ Շտայնմայերը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կարող է հույս դնել Բեռլինի վրա՝ որպես ուժեղ գործընկերոջ:
Դոնալդ Թրամփի հաղթանակն առաջինը կանխատեսել էր Fox News-ը, որից հետո նաև այլ լրատվամիջոցներ, որոնք աջակցում են Դեմոկրատական կուսակցությանը։
Ըստ Reuters-ի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 279 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 223 ձայն։
Նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփը շնորհավորանքներ է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերից, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիից, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենից, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեից և բազմաթիվ այլ երկրների ու կառույցների ղեկավարներից։
--00—ԼՀ