ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73.5 տոկոսով՝ կազմելով 23 մլրդ 717.9 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:
Օգոստոսի համեմատ սեպտեմբերին առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են 13 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 937.9 մլն դոլար: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 22.4 տոկոսի աճ:
Ընթացիկ տարվա առաջին 9-ը ամիսներին արտահանումը 2.1 անգամ գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ կազմելով 10 մլրդ 595.4 մլն դոլար: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, արտահանման ծավալները նվազել են 13.1 տոկոսով՝ կազմելով 857.1 մլն դոլար: Նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը գերազանցվել է 38.9 տոկոսով:
Ներմուծման ծավալները հունվար-սեպտեմբերին աճել են 54.2 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 122.5 մլն դոլար: Օգոստոսի համեմատ սեպտեմբերին ծավալները կրճատվել են 12.9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 80.8 մլն դոլար: Նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը գերազանցվել է 11.9 տոկոսով:
Տվյալները ներկայացված են ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ հոկտեմբերի 15-ին ներկայացված տեղեկատվության:
--00—ՅՄ