Թրամփի խոսքերը Արցախի մասին չիրականացող ցինիզմ են. ԱՄՆ 47-րդ նախագահի կոչերը` ՀՀ-ի և ԼՂ-ի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի ընտրություններն այլևս անցյալում են, երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրվեց հանրապետական Դոնալդ Թրամփը։

Թրամփը  հաղթանակից հետո իր ունեցած ելույթում ամերիկացիներին ոսկե դար է խոստացել, իսկ հաղթանակն անվանել՝ հրաշագեղ։ 

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ զգուշանալ է պետք այդ խոստումներից, որովհետև խոստումներ շատերն են տալիս, բայց լինում է ճիշտ հակառակը։  
Դոնալդ Թրամփի վերջին օրերին Հայաստանին և մասնավորապես՝ Արցախին վերաբերելի հայտարարությունները, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք, Արթուր Խաչիկյանը ցինիզմ որակեց։ 

Թրամփի հաղթանակը քաղաքագետը պայմանավորում է նրանով, որ ամերիկացիները պարզապես  հոգնել էին տեսնել, թե ինչպես են կորցնում իրենց ինքնությունը։ 

Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո շատերը սկսեցին խոսել դեմոկրատների թույլ տված սխալների մասին, օրինակ, որ չի կարելի ընտրողներին «աղբ» անվանել։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, դրանք էական նշանակություն ունեցան ընտրությունների ելքի վրա։  

Քաղաքագետի խոսքով, սա Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ ոչ անընդմեջ ցիկլով երկու անգամ, նախագահ է ընտրվում նույն մարդը, իսկ առանձնանում է նրանով, որ առաջին դեպքն է, երբ մեղադրյալի կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչն ընտրվում է նախագահ։ 

Թե՛ հանրապետական Դոնալդ Թրամփը, և թե՛ դեմոկրատ Քամալա Հարիսն իրենց հանրային ելույթներում անդրադարձել էին Արցախի հարցին։ 

Մասնավորապես, Հարիսը նշել էր, որ շարունակելու է հանձնառու լինել Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։

Թրամփն էլ ընտրություններից առաջ հեռախոսազրույց էր ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ, իսկ դրան նախորդել էր հրապարակային ելույթ, որտեղ հայտարարել էր, որ Արցախի հայությունը պետք է վերադառնա իր պատմական հողերը։

Արցախի վերադարձի մասին խոսելը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անիրատեսական է համարում այսօրվա աշխարհում։  

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփն առաջադրվել է երեք անգամ, որից մեկում՝ 2020 թվականին, պարտվեց Ջո Բայդենին, իսկ  երկու կին մրցակիցներից Հիլարի Քլինթոնին հաղթեց 2016 թվականին, Քամալա Հարիսին` 2024 թվականին։ 


Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։
 

--00—ՍՊ