ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
24News-ի տեղեկությունների համաձայն, իրավապահներն ինտենսիվ աշխատանքներ են տանում ԲՀԿ ղեկավար, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին և նրա թիկնապահներին հայտնաբերելու ուղղությամբ «Կոսմոս» խաղատանը տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների գործով։ Հիշեցնենք, որ լրագրող Վահե Մակարյանն իր «Makaryan News» տելեգրամ ալիքում հրապարակում էր արել, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել է կրակոց կամ կրակոցներ։
Քննչական կոմիտեից էլ 24News-ին փոխանցեցին, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ․«Տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով վարույթ է հարուցվել։ Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նշված անձանց կալանավորելու որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, հավելելով՝ վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն։
24News-ի տեղեկությունների համաձայն, միջադեպի օրը Նվեր Ծառուկյանի հետ «Կոսմոս» խաղատանը գտնված դերասանուհի, մոդել Շուշանիկ Երիցյանին կալանավորելու որոշում չի կայացվել։
Մենք փորձեցինք կապ հաստատել դերասանուհու հետ, սակայն չհաջողվեց։
Զանգահարեցինք նաև «Կոսմոս» խաղատուն, որտեղից նախ օպերատորներից մեկը նշեց, որ կփոխանցի մենեջերին, որպեսզի զանգահարի, իսկ արդեն մեկ այլ օպերատոր նշեց, որ տեղեկացրել են մենեջերին, սակայն այսօր իրենց մոտ խաղարկություն կա և շատ խիտ գրաֆիկ ունեն՝ ընթացքում կզանգահարեն։
Մերի Մանուկյան