ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
«Գեղարդ» հիմնադրամ․
COP29 կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովի շրջանակներում՝ նոյեմբերի 5-6-ը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հովանու ներքո անցկացվել է «Աշխարհի կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը»՝ «Համաշխարհային կրոնները հանուն կանաչ մոլորակի» կարգախոսով։ Գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների՝ գերազանցապես մուսուլմանական համայնքների կրոնական առաջնորդներ։ Ըստ ադրբեջանական մամուլի հաղորդագրության՝ ելույթ ունեցողները մտահոգություն են հայտնել զինված հակամարտությունների, կրոնական և էթնիկ հողի վրա բռնությունների, բնապահպանական աղետների, մշակութային և կրոնական ժառանգության ավերման ու կողոպտման վերաբերյալ։ Նոյեմբերի 7-ին գագաթնաժողովի մասնակիցներն այցելել են նաև Շուշի։
Այս ամենը զավեշտալի չէր լինի, եթե վերջին տարիներին Ադրբեջանը չհրահրեր զինված հակամարտություններ, չավերեր հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, չոտնահարեր բնապահպանական նորմերը և այլն։ Հուսանք՝ գագաթնաժողովին մասնակից հոգևոր առաջնորդները Շուշիում «նկատել» են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու համապատասխան հետևություններ կանեն։
Ավելի վաղ կայացել էր Հռոմի Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի հանդիպումը Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների պետական հանձնաժողովի նախագահ Ռամին Մամեդովի հետ։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ կարդինալը նշել է, որ «ադրբեջանական հադուրժողականությունը տարբեր դավանանքների նկատմամբ օրինակ է այլ երկրների համար», «եկեղեցիների ու տաճարների վերականգնման ուղղությամբ Ադրբեջանի ուշադրությունը բարձր գնահատականի է արժանանում»։
Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում և յուրացնում է հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, որի մասին բազմաթիվ ապացույցներ են հրապարակվել։ Փաստորեն, մինչ կարդինալը խոսում է «Ադրբեջանի վերականգնողական աշխատանքների» մասին, իրականում հակառակ գործընթացն է կատարվում։ Մնում է միայն հույս հայտնել, որ Սուրբ Աթոռի պաշտոնյան ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Արցախում մշակութային ցեղասպանությանը և հորդորել դադարեցնել այդ գործունեությունը։
Ի դեպ, Ադրբեջանի բռնությունների և յուրացման քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հայկական մշակութային ու կրոնական ժառանգությամբ։ Երկար տարիներ Ադրբեջանի իշխանությունը «շահագործում» է ուդի համայնքին՝ փորձելով մասնակից դարձնել նրանց հայկական ժառանգության «աղվանականացման», հայկական եկեղեցիների յուրացման քաղաքականությանը։ Բռնությունների են ենթարկվում նաև շիա հավատացյալները, որոնց ադրբեջանական իրավապահները մշտապես ճնշումների են ենթարկում, ձերբակալում, սպանում։
Ցավալի է, որ կրոնական համայնքների ներկայացուցիչներն իրենց մասնակցությամբ և հայտարարություններով թեև անուղղակի, բայց աջակցում են Արցախում հայկական ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությանը և դա դատապարտելու, կանխելու փորձերի փոխարեն՝ նպաստում են դրա քողարկմանը։ «Գեղարդ» հիմնադրամը կրոնական համայքների առաջնորդներին և ներկայացուցիչներին հորդորում է իրենց նպաստն ունենալ Արցախում հայկական ժառանգության փրկության գործում՝ այդպիսով իրապես կատարելով աստվածահաճո գործ։
--00—ՍՊ