ԵԱՀԿ առաքելությունը մշտադիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

ԵԱՀԿ

Մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: