ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Ամստերդամի իշխանությունները նոյեմբերի 8-ից ցույցերի անցկացման եռօրյա արգելք են սահմանել քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է Նիդեռլանդների մայրաքաղաքում իսրայելցիների վրա հարձակման դեպքերով:
Միաժամանակ, քաղաքապետարանն արգելել է քաղաքում շրջել ծածկած դեմքով և կրել առարկաներ, որոնք կարող են իրավախախտումներ սադրել։
Իսրայելցիները հարձակումների են ենթարկվել նոյեմբերի 8-ի գիշերը՝ Եվրոպա լիգայի ֆուտբոլային հանդիպումից հետո, որում Ամստերդամի «Այաքս»-ը 5:0 հաշվով հաղթել էր «Մաքաբի»-ին: Հարձակվողների շարքերում նկատվել են պաղեստինյան դրոշներ, իսկ գրոհներն ուղեկցվել են «Ազատություն Պաղեստինին» վանկարկումներով:
The Times of Israel պարբերականի հաղորդմամբ՝ հարձակումից առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում իսրայելցի երկրպագուները վիրավորական կարգախոսներ էին հնչեցնում արաբների, մասնավորապես՝ պաղեստինցիների հասցեին։
Իրավապահները բերման էին ենթարկել 62 անձի:
--00—ՅՄ