Միհրան Հարությունյանը հեքիաթներ է պատմում և շոու անում․ Լևոն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Միհրան Հարությունյանը հեքիաթներ է պատմում եւ շոու է անում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ պատասխանելով օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի սկանդալային հայտարարությանը։

«Միհրան Հարությունյանը մի շարք սուտ հայտարարություններ է անում: Նախ ասում է, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո չի վարձատրվել. սա սուտ է: Նա մինչեւ 2017 թվականի երկրորդ կեսը ստացել է ամսական աշխատավարձ: Ասում է՝ ես հավաքներին ընդհանրապես չեմ մասնակցել. եւս մեկ սուտ: Մենք բոլոր փաստաթղթերում ունենք, թե որ հավաքին է եղել, որ հավաքին՝ ոչ: Ասում է՝ պարոն Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեմ: Գագիկ Ծառուկյանը երբեք չի խառնվել հավաքականի, գլխավոր մարզիչների որոշումներին: Նա երբեք չի միջամտել՝ ով լինի հավաքականում, ով որ մրցաշարին մասնակցի: Ամեն անգամ հայտարարում է, որ նա մեկնեց Բաքու:

Մեր հավաքականի առջեւ հարցը դրված է եղել, որեւէ մեկին չի պարտադրվել: Բոլորի իրավունքն է եղել՝ մասնակցել, թե՝ ոչ: Նա գիտեր, որ իր համար անելանելի իրավիճակ է եւ պետք է այս իրավիճակից օգտվել: Բաքու մեկնելը հերոսություն չի համարվում: Ինքնակամ է գնացել, ինչի համար շնորհակալություն են հայտնել նրան: Լավ է արել, գնացել է:

2015 թվականին Հայաստանի առաջնությունում Միհրան Հարությունյանը չկարողացավ քաշ գցել: Այն մարզիկը, որը չի կարողանում իր քաշն ապահովել, դա պարտոությունից էլ վատ երեւույթ է: Նա շատ տաղանդավոր ըմբիշ է, չեմ թաքցնում: Բայց այդ տաղանդը միայն կարող է աշխատանքի շնորհիվ հասցնել արդյունքների: Որեւէ մեկն իրավունք չունի առանց հավաքների ու մրցումների մասնակցելու ասել, որ գնում է աշխարհի առաջնությանը:

Թող իր ականջին օղ անի, թող լավ հասկանա իր տեղն ու դիրքը: Չի կարելի երբեք մարդու համբերությունն անցնել, որ մենք էլ բացենք բոլոր փակագծերը, թե ինքը ով է եւ որտեղից է եկել: Ցանկացած մարդ կարող է մեկ անգամ սխալվել, բայց երբ մարդն արդեն մի քանի անգամ է սխալվում, ուրեմն արդեն խնդիրն իր մեջ է: Մարզիկ եւ մարդ հարաբերությունները եկեք չխառնենք: Եթե կա լավ մարդ, ուրեմն կարելի է նրա հետ խոսել, շփվել, հաց ուտել: Եթե ինքը մարզիկ է, ուրեմն պետք է ապացուցի դա: Մնացած խնդիրներն իրենն է: Նրա ուսի վնասվածքի վիրահատությունը ֆինանսավորվել է:

Իրեն ոչ միայն ամսական աշխատավարձ են տվել եւ լուրջ ֆինանսներ, այլեւ պարգեւավճարներ է ստացել: Նա բնակարան է ստացել Երեւանի Աբովյան փողոցի վրա, ամեն քայլափոխին նրան գումար են տվել, իսկ նա ասում է՝ մեր երկրում ինձ չգնահատեցին: Հայաստանում նրան ընդունեցին օլիմպիական չեմպիոնի պես, բայց նա ասում է՝ ինձ չգնահատեցին: Միհրան Հարությունյանը նախկինում երբեք որեւէ խնդիր չի ունեցել հավաքականում: Ես չեմ պատկերացնում, թե նա իր այս բոլոր խոսքերից հետո ինչպես պետք է նայի թիմակիցների աչքերին: Ցանկացած մարզիկի համար դռները բաց են: Ով պատրաստ է ենթարկվելու կարգին ու կանոններին, օրենքներին, նա իր ուրույն տեղն ունի հավաքականում, ով ուզում է լինի»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս