«Չիրական Հայաստանը» կերտվել է «իրական Հայաստան» քարոզչական հնարքը խաղարկելու համար․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

կկ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Վարչապետ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար խաղաղության պայմանագիրը բավարար չէ, պետք է ռազմավարական գործարք:

Թե ինչ է ռազմավարական գործարքը, ինչպես, ինչ հարաբերակցությամբ է դա պատկերացնում Փաշինյանը, չի մանրամասնվում: Նա ասում է, թե իր պատկերացումը շարադրել է «իրական Հայաստանի» կոնցեպտով:

Բայց հարցն այն է, որ այդ կոնցեպտը գործնականում ոչինչ չասող է, քանի որ դա կոնցեպտ չէ, այլ տեղեկատվա-քարոզչական հնարք, զգալիորեն՝ մանիպուլյացիա:

Եվ «իրական Հայաստանի» կոնցեպտ, որպես այդպիսին, իրականում լինել չի էլ կարող, այն պարզ պատճառով, որ չի կարող լինել «չիրական Հայաստան»: «Չիրական Հայաստանը» մի հորինվածք է, չափազանցություն, որը կերտվել է ընդամենը մեկ նպատակով՝ «իրական Հայաստան» տեղեկատվա-քարոզչական հնարքը խաղարկելու համար:

Հետխորհրդային Հայաստանը երբեք էլ չի եղել «ոչ իրական» կամ «պատմական», «մտացածին» կամ «չափազանցված» Հայաստան: Այդ Հայաստանը եղել է առավել քան իրական, պարզապես՝ «ոչ պարտված»: Գործնականում, «իրական Հայաստան» կոնցեպտուալ հնարքի ներքո Նիկոլ Փաշինյանը ընդամենը թաքցնում է իր առաջնորդությամբ պարտված Հայաստանին:

Այլ կերպ ասած, դե ֆակտո, բաժանարար գիծը ոչ թե իրականն ու պատմականն է, այլ՝ հաղթածն ու պարտվածը, կամ նվազագույնը՝ չպարտվածն ու պարտվածը:

Հաղթողը, որ տվյալ դեպքում Ադրբեջանն ու նրա հովանավորներն են, երբեք չի գնա ռազմավարական գործարքի մեկի հետ, որը պարտվող է, բայց բուն խնդիրն անգամ դա էլ չէ, այլ այն, որ  իր պարտությունը համաձայնել է վերածել «պետական կոնցեպտի»:

Ավելին, պարտությունը կոնցեպտի վերածող ուժի հետ ռազմավարական գործարքի չի գնա ոչ ոք»։ 
 

--00—ՍՊ