Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել ՍԴ նախագահին ու նախկին դատավորներին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարան հրավիրել 2008 թվականին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին ու մյուս դատավորներին։

«Սահմաանդրական դատարանի այն ժամանակվա անդամներից հարցաքննվել է 2 հոգի՝ Ֆելիքս Թոխյանը ու Վալերի Պողոսյանը։

Ի դեպ, երկուսն էլ այս գործով ժխտել են իրենց նկատմամբ ճնշում գործադրելու փաստը։ Որպեսզի մենք կարողանանք վիճարկել հիմնավոր կասկածի առկայության փաստը և, նկատի ունենալով, որ մեղադրանքի մեջ նշված չէ, թե ՍԴ ո՞ր անդամի նկատմամբ է այդ ճնշումը գործադրվել, մենք միջնորդում ենք դատարան հրավիրել ու խափանման միջոցի քննության շրջանակում հարցաքննել այդ ժամանակվա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Ֆելիքս Թոխյանին։ Այս անձինք 2008 թ.-ի մարտի 1-ի դրությամբ մասնակցել են այդ գործի քննությանն, իսկ Նազարյանը եղել է զեկուցող»,- դատարանում ասել է Հայկ Ալումյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել է պաշտպանի միջնորդությանը և հայտարարել, որ այս փուլում վկաների հարցաքննությունը նպատակահարմար չէ։

«Դա կատարվում է ապացույցների հետազոտման փուլում, գործի՝ ըստ էության քննության ժամանակ»,- ասել է դատախազը։