Թուրքիայում առաջին տեղական ուղղաթիռի շարժիչներն են արտադրել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

,

Թուրքիայի օդուժի կարիքները բավարարելու համար թուրքական  ավիացիոն և տիեզերական արդյունաբերության շարժիչաշինական ընկերությունը (TEI) ուղղաթիռային շարժիչներ է արտադրել:

Դրանք տեղադրվելու են Թուրքիայում ամբողջությամբ տեղական միջոցներով արտադրվող ամերիկյան «Sikorsky 109 BlackHawk»-ի թուրքական մոդելի «Kara şahin» (Սև բազե) բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների վրա: «T700-TEI-701D» անունը ստացած 2000 ձիաուժ հզորությամբ շարժիչները կարող են տեղադրվել նաև թուրք-իտալական համատեղ արտադրության «Atak» հարվածային ուղղաթիռների վրա:

Էրմենիհաբերը հղում անելով CNNTurk-ին գրում է, որ արտադրված շարժիչների հանձնման համար կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Վերջինս նշել է, որ նմանատիպ նախագծեր իրականացնելու համար սովորաբար երկար ժամանակ է պահանջվում՝ հորդորելով արագացնել աշխատանքները:

Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության շարժիչաշինական ընկերությունը (TEI) ղեկավար Մահմութ Ֆարուք Աքշիթն էլ տեղեկացրել է, որ պատրաստվում են ընդհանուր առմամբ արտադրել Kara şahin» (Սև բազե) բազմանպատակային ուղղաթիռների 236 շարժիչ:

«Մեր բանակի կարիքների համար Թուրքիայում տեղական միջոցներով Sikorsky ուղղաթիռների արտադրությունը 3,2 մլրդ դոլարանոց հսկայան նախագիծ է, որի շրջանակներում ուղղաթիռների համար տեղական շարժիչներ արտադրելն ընկած է մեզ վրա: Ուղղաթիռի արտադրությունը իրականացնում է Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերությունը: Ուղղաթիռների ողջ էլեկտրատեխնիկան արտադրում է «ASELSAN»-ը (Թուրքական պետական խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերությունը-խմբ.): 3 խոշոր գործակիցներով կիրականացնենք տեղական «Սև բազե»- թռիչքը: 20 տարվա ընթացքում 236 այդպիսի շարժիչ է արտադրվելու ու փոխանցվելու բանակին»,- ասել է Աքշիթը:

Վերջինս նշել է նաև, որ թուրքական արտադրության առաջին ուղղաթիռի շարժիչները բանակին փոխանցվելուց հետո իրենց կողմից 30 տարի տեխնիկապես կսպասարկվեն:

Տեսանյութեր

Live

Լրահոս