Գերմանացի պրոֆեսոր․ «Թուրքիան այսօր սահմանադրական ճգնաժամ է ապրում»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

.

Գերմանացի պրոֆեսոր, Բեռլինի  Հումբոլդտի համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտի դասախոս Սիլվիա ֆոն Շթայնսդորֆը «Deutsche Welle»-ի հետ զրույցում խոսել է վերջին շրջանում Թուրքիայում գրանցված ներքին զարգացումների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

Շթայնսդորֆի գնահատմամբ՝ Թուրքիան հետզհետե հեռանում է ժողովրդավարությունից և մեծ արագությամբ մոտենում ավտորիտարիզմին։ Պրոֆեսորը նկատել է տվել, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից անցանկալի արդյունքներով ընտրությունների չեղարկումը խարխլել է ժողովրդի հավատն առ այն, թե իրենք կարող են ընտրությունների միջոցով փոխել ղեկավարներին։ Միևնույն ժամանակ նա ողջունել է ընդդիմադիր ուժերի որոշումը՝ անկախ ամեն ինչից մասնակցելու հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք նոր ընտրություններին։

Անդրադառնալով Ստամբուլ քաղաքապետի ընտրությունների չեղարկման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը՝ Շթայնսդորֆը կարծիք է հայտնել, որ դա հարկադրաբար ընդունված որոշում է եղել։ Որպես ապացույց՝ նա հիշեցրել է, որ որոշումը ոչ թե միաձայն է եղել, այլ 4/7 հարաբերակցությամբ, ավելին՝ չեղարկվել են ոչ թե ընդհանրապես Ստամբուլի բոլոր ՏԻՄ մարմինների ընտրությունները, որոնք կայացել են նույն օրը, նույն ընտրատեղամասերում, նույն կանոններով, այլ միայն քաղաքապետի ընտրության արդյունքները։ «Այս ամենից կարելի է մեկ ակնհայտ հետևություն անել․ այս հանձնաժողովը ըստ սահմանադրության պետք է անկախ լիներ, բայց նրա որոշմանը արտաքին միտամտություն է եղել», - ընդգծել է գերմանացի պրոֆեսորը։

Հարցին, թե արդյոք ԿԸՀ-ի նշած հիմնավորմամբ հնարավոր էր չեղարկել Ստամբուլի ընտրությունների արդյուքները, Շթայնսդորֆը պատասխանել է, որ ընդհանրապես վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցող մի շարք զարգացումներ հենց «Ինչպե՞ս է դա հնարավոր» շարքից են։

«Օրինակ, ինչպե՞ս կարելի է հանրաքվեի ներկայացնել միմյանց հակասող սահմանադրական փոփոխությունները կամ ինչպե՞ս կարելի է ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով մի խումբ պատգամավորների միանգամից զրկել անձեռնմխելիությունից։ Ինչպե՞ս կարելի է դատական գործեր հարուցել մտավորականների դեմ, ովքեր իշխանություններին հակադրվող հայտարարություններ են անում։ Եվ հիմա, ինչպես ականատեսը եղանք, ինչպե՞ս կարելի է մանիպուլյացիաների միջոցով չեղարկել ընտրությունները։ Սրանք սահմանադրության և օրենքների խախտումներ են, տարբեր կառույցներ մանիպուլյացիայի են ենթարկվում։ Բայց եթե մի մարդ պարբերաբար խախտում է սահմանադրությունը, փորձում է չեզոքացնել ուժերի տարանջատում, իսկ մյուս քաղաքական դերակատարներն ու հանրությունը չեն կարողանում դա կանխել, ապա, այո, ինչպես դա երևում է Թուրքիայի օրինակով, նման զարգացումները հնարավոր են»,- ասել է նա։

Գերմանացի պրոֆեսորի խոսքով՝ ժամանակակից Թուրքիայի պատմության ընթացքում դատական համակարգը երբեք լիարժեք անկախ չի եղել, իսկ մասնավորապես 2013թ․ հետո այն հետզհետե ավելի է թուլանում։ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո և երկրում մտցված «արդակարգ դրության» ռեժիմի պայմաններում օրինախախտումները, ըստ Շթայնսդորֆի, ավելի շատացան։

«Արտակարգ դրության ռեժիմը դադարեցվեց, բայց խաղի այդ նոր կանոնները գործնականում վերածվեցին օրենքների, որոնք ակնհայտորեն խախտում են դատական համակարգի անկախությունը։ Հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զարգացումներն էլ շատ հեռու էին սահմանադրության հետ ներդաշնակ լինելուց, այդ շրջանում էլ սահմանադրությունը բացեիբաց խախտվում էր։ Եվ այո, այս պահին տեղի ունեցող զարգացումները ըստ էության սահմանադրական ժգնաժամ են», - նշել է պրոֆեսորը՝ հավելելով, որ անգամ եթե այսօր Թուրքիայում ամեն ինչ ըստ առկա սահմանադրության կատարվի, դարձյալ խնդիրները չեն լուծվի, քանի որ Թուրքիայում սահմանադրությունը բազմակի փոփոխությունների է ենթարկվել և բոլորովին էլ իդեալական չէ։