«Ադեկվադ»․ Արթուր Դանիելյանը հասարակական կազմակերպություն է հիմնել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Ադեկվատ

«Ադեկվադ» նախագծի հիմնադիրներից Արթուր Դանիելյանը հայտնել է, որ  ինքն ու գաղափարակիցները հիմնել են «Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։ Գրառումը՝ ստորև․

«21-րդ դարը կարող է դառնալ մերը, միայն եթե մենք ընդունենք մարտը: Մարտ առաջին հերթին հենց ինքներս մեր դեմ: Մեր մեջի «ստրուկի», լավն ու վատը տեղերով փոխած «աբիժնիկի» դեմ: Մարտ՝ հանուն իրական բարոյականության գաղափարների վերականգնման, մարտ` հանուն ճշտի, հանուն լավի, հանուն ուժի: Ուժ, որն արտացոլվում է կամքով, այլ ոչ մկաններով կամ բանակով:

Խոհեմ, ողջախոհ ու արի դառնալու կամքով: Բանակը, տնտեսությունն ու բարեկեցությունը ընդամենը կամքի արտացոլումն են:

Ընդ որում, հաշվի առնելով մեր բնական արեալից մնացած չնչին հողակտորը՝ բնական ռեսուրսները և տեխնոլոգիական առաջընթացը` մենք դատապարտված ենք լինել ոչ թե պարզապես խոհեմ, ողջախոհ, արի ու արդար, այլ ամենախոհեմը, ամենաողջախոհը, ամենաարին ու ամենաարդարը: Ինչպես գիշատիչներն են դատապարտված լինել սննդային շղթայի էլիտայում, այդպես էլ մենք ենք դատապարտված լինել մարդկային տեսակի էլիտայում, այլապես կհարմարվենք, կձուլվենք ու կկորչենք:

Մենք դատապարտված ենք մահվան բոլոր այն դեպքերում, երբ չենք ձգտում լինել ամենալավը: Ութ միլիարդանոց այս մոլորակի վրա մեր երեք միլիոնը կամ կլինի լավագույնը, կամ կմահանա: Չկա հարմարվող փոքրամասնություն, հարմարվողը միաձուլվում է մեծամասնության հետ, դառնում միջակ, միջին վիճակագրական: Փոքրամասնությունը միայն կարող է լինել կամ ճնշող, կամ չլինել առհասարակ: Մենք պետք է մոտենանք Աստծո լույսին, ճանաչենք բնության օրենքները, կրթվենք, կատարելագործվենք, լինենք ամենից լավ, ապրենք ամենից լավ, ու բարձրանանք ամենից վեր:

Սա է նպատակը, որին պետք է ուղղել այն էներգիան ու պասիոնարությունը, որը կուտակվել է դարերով կուտակված վրդովմունքի, խենթության ու բնածին արդարության պահանջի արդյունքում»: