ՏԶՆ աշխատակցի հեռացման պատճառը Ֆեյսբուքը չէ․ նախարարի խոսնակի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր արել․

«Այսօր՝ ժամը 16:22, աշխատանքի վայրում նստած զանգ եմ ստանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մոտ կանգնած անձից (նույնիսկ հիմա շարունակում եմ պահպանել սոլիդարությունը և անուն չեմ հրապարակում), ով շատ հանգիստ տոնով ասաց, որ նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրի: Իմ այն հարցին, թե ինչի համար պետք է դիմում գրեմ, վերջինս ասաց, թե բա նախարարն է ասում ու վերջ: Ճիշտն ասած, ես արդեն 20 տարուց ավել է, ինչ աշխատում եմ ՀՀ պետական համակարգում և չեմ կարող հասկանալ, թե ինչու պետք է պետական աշխատողը նախարարի ասելով դիմում գրի ու աշխատանքից դուրս գա:

Գուցե նախարարի այդ հանձնարարականը պայմանավորված է նրանով, որ ես ակտիվ եմ սոցիալական ցանցերում, քննադատում եմ այն երևույթները, որոնք ինձ դուր չեն գալիս, բայց նման օրենք կա՞, որ քննադատելու համար պետական ծառայողը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի, առավել ևս, որ նախարարը պետք է ասի նման բան աշխատողին: Եթե կա, ապա գոնե տեղյակ պահեն, որ մարդիկ իմանան՝ կարծիք հայտնելուց առաջ աշխատանքից ազատվելու դիմում գրեն, նոր ՖԲ-ում ինչ-որ քննադատական ստատուս դնեն կամ ինչ-որ մեկի գրառմանը լայքեն: Տեղեկացնեմ, որ ես չեմ պատրաստվում ազատման դիմում գրել, ինչպես նաև հորդորում եմ նման անօրինական միջամտություններ չանել պետական աշխատակիցների աշխատանքին: Սա ոչ միայն տարրական հարգանքի բացակայություն է աշխատակցի նկատմամբ, այլ նաև անօրինական միջամտություն: Եթե ուզում են Ֆեյսբուքում ստատուս գրելու կամ լայքեր դնելու համար աշխատակցին հեռացնել, ապա թող դա անեն օրինական եղանակով, աշխատանքից ազատելու հրաման տան, որի մեջ էլ նշեն ազատման հիմքերը՝ իմ դեպքում քննադատական ստատուսներ գրելն ու լայքեր դնելը»,-գրել էր նախարարության աշխատակիցը:

Գրառման վերաբերյալ  պարզաբանում է տարածել նաև ՏԶՆ նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Պարզաբանումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ի պատասխան շրջանառվող հրապարակումների՝ հայտնում ենք.

· Գոհար Անակչյանը զբաղեցնում է նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի օգնականի պաշտոնը, որը հայեցողական է։ Հակոբ Ավագյանը փետրվարի 5-ից ՏԶՆ նախարարի տեղակալ չէ։ Հետևաբար, տիկին Անակչյանը տևական ժամանակ է՝ չունի անմիջական ղեկավար, հստակ հանձնարարությունների և գործառույթների շրջանակ,

· Արդյունքում, տվյալ աշխատակցի կողմից եղել են ուշացումների և բացակայությունների դեպքեր,
· Այդ պատճառով նրան արվել է համապատասխան առաջարկը,
· Նախարարությունը չի վերահսկում իր աշխատակիցների ակտիվությունը սոցիալական ցանցերում, և Գոհար Անակչյանին՝ աշխատանքից ազատելու խնդիրը
պայմանավորված է բացառապես վերը նշված պատճառներով»: