Պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանին. Լևոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհի հորը հանդիպելու մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Լևոն

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արձագանքել է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը՝ իր հերթին հայտարարելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ։

«Կարող եմ հանդիպել պարոն Քլոյանի հետ։ Նախ կցավակցեմ, ցավ կհայտնեմ կատարվածի համար», - ասել է Քոչարյանը և հավելել, որ 10 տարի շարունակ մարտիմեկյան իրադարձությունները կապել են իր ընտանիքի հետ։

Հարցին՝ ո՞ւմ մասին է խոսքը, Լևոն Քոչարյանն ասել է․ ««Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը առաջին հերթին»։ ՀՀ երկրորդ նախագահի որդին նաև նշել է, որ Փաշինյանի հասցեին մեղադրանք չի ներկայացնում, այլ փոխանցում է իրականությունը։

Նկատենք, որ «Հայկական ժամանակի» նախկին խմբագիրը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ավելի վաղ ցանկություն էր հայտնել հանդիպելու Լևոն Քոչարյան հետ, որպեսզի նրան ասեր՝ «Աստված պահի քո ձագին, ոնց էր համը իմ ձագի․․․»։