Հրաչյա Աշուղյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 16-ին, նրան կհուղարկավորեն պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

Հրաչյա Աշուղյան

2019թ. մայիսի 13-ին 80 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հրաչյա Աշուղյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսիս 16-ին, ժամը 18:00-20:00-ն՝ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` մայիսի 17-ին, ժամը 11:00-13:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից (Իսահակյան 1):

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Հրաչյա Աշուղյանը հայ թատրոնի վաստակաշատ երախտավորներից էր, ում հարուստ ստեղծագործական կյանքն արվեստի նվիրական ծառայության վառ օրինակներից է:

Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին` Թբիլիսիում:

1963 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը:

1963-75 թվականներին աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975 թվականից` հայկական հեռուստաթատրոնում` որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր:

1967 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2002 թվականից` պրոֆեսոր), 1992 թվականից` Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում:

1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է Լ. Ռիչարդսոնի` «Մեծ անտառի զավակները», Ե. Օտյանի` «Թաղականին կնիկը», Զ. Դարյանի` «Օր առանց մայրամուտի», Մ. Մրոժեկի` «Վտարանդիներ», Գ. Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները:

Մի շարք զանգվածային թատերականացված հանդիսությունների հեղինակ է՝ «Էրեբունի-Երևան», «Գլաձորի 1700-ամյակը», 1-3-րդ համահայկական խաղեր, «Ավարայր-1550», «Հայոց գրերի 1600», բազմաթիվ հոբելյանական երեկոներ և այլն:

Բեմադրություններ է իրականացրել նաև արտասահմանում:

1987 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2006 թվականին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների:

«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» արժանացել է «Արտավազդ» մրցանակի:

Հրաչյա Աշուղյանը բծախնդիր և աշխատասեր մարդ էր: Լինելով մեծն Վարդան Աճեմյանի աշակերտը` կրում էր իր մեջ վարպետից ժառանգած մասնագիտական որակները, գործին տրվում էր անմնացորդ, ուներ թիմային զգացողություն և հաճույքով էր աշխատում  լայնամասշտաբ նախագծերում:

Հրաչյա Աշուղյանի ռեժիսորական, հեռուստատեսային և բեմական մտածողությունը բազմաշերտ էր և նորարարական, բացօթյա մասսայական տեսարանների հմուտ վարպետ: Անմնացորդ նվիրումով էր աշխատում երիտասարդ սերնդի հետ՝ փոխանցելով նրանց իր գիտելիքները, եռանդը, կենսուրախությունը:

Նա բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ, ով առանձնակի հետք թողեց հայ թատերարվեստում:

Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում:

Տեսանյութեր

Live

Լրահոս