Արշալույսի՝ պաշտոնաթող ղեկավարը մասնակցել է ավագանու նիստին․ բնակիչները ճանապարհ են փակել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Արշալույս

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները մայիսի 15-ին փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը։ Նրանք պնդում են՝ լիազորությունները կասեցված համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մարզպետարանը հովանավորում է։

Համայնքի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմել է, որ օրերս Արշալույս համայնքի ավագանու նիստ է գումարվել մարզպետարանի ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանի մասնակցությամբ, և նիստին ներկա է եղել նաեւ Զարզանդ Գրիգորանը, մինչդեռ նրա  լիազորությունները կասեցված են, և նա իրավունք չուներ մասնակցել ավագանու նիստին։

Համայնքի բնակիչներին զանգահարել է մարզպետի օգնականը և հայտնել, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ավագանու այդ նիստի որոշումները չեղյալ հայտարարելու գրություն է ուղարկել։

Արշալույսցիների հետ հանդիպման է եկել մարզպետը և հավաստիացրել, որ ավագանու նիստն առոչինչ համարելու մասին գրություն է ուղարկել։

Լուրն իմանալուց հետո միայն արշալույսցիներն Արմավիր–Երևան ճանապարհը բացել են։