ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սիրիայում ապրող հայերի շրջանում տիրում է զուսպ և սպասողական վիճակ. ինչպես տեղացիներն, այնպես էլ հայերը, հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով զինված ընդդիմության կողմից երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավումից հետո տիրող իրավիճակին, տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և Սիրիայի հետագա ճակատագրին:
‹‹Վաղ առավոտյան ժամերից հաղթանակի տոնական մթնոլորտ է. կրակոցներ, ուրախության վանկարկումներ››,- հայտնեց Մարիա Գաբրիելյանը՝ նկարագրելով ներկա իրավիճակը:
Անդրադառնալով հայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց, որ բոլորի մոտ սպասողական վիճակ է:
‹‹Հայերն, ինչպես տեղացիները, հետևում են իրավիճակի զարգացումներին››,-ասաց Մարիա Գաբրիելյանը:
Պատասխանելով հարցին, թե տեղացիներն ուրա՞խ են՝ իմանալով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է իշխանությունից՝ պատգամավորը նկատեց. ‹‹Այո, նրանք այլընտրանք չունեն. նախօրեին Ասադին էին փառաբանում, իսկ այսօր՝ հեղափոխությունը››:
Այդուհանդերձ, պատգամավորը չկարողացավ տեղեկություններ հաղորդել Բաշար Ասադի և վերջինիս ընտանիքի գտնվելու վայրի և ճակատագրի մասին:
‹‹Այս պահին Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հանդիպում է անցկացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի հետ, որպեսզի իշխանության հանձնում կատարի››,-նշեց հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ դեռևս այլ հստակություն չկա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ