Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հասարակություն

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը 24news-ի հետ զրույցում հաստատեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։ «Փայլակ Յայլոյանն իր անձնական որոշմամբ է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել։ Նա 28 տարի աշխատել է Մետրոպոլիտենում, վերջին 4 տարիների ընթացքում գրեթե հանգստի չի մեկնել։ Կենսաթոշակային տարիքի լրանալուց հետո գնում է վաստակած հանգիստը վայելելու», - նշեց մամուլի խոսնակը։ 

Դիտարկմանը՝ արդյոք Փայլակ Յայլոյանի աշխատանքից ազատվելու դիմումն առնչություն ունի Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի հետ, մամուլի խոսնակը նշեց՝ ոչ։ «Գործը դեռ նախաքննության փուլում է, հուսով եմ ավարտելուց հետո ցուցանիշներից պարզ կլինի ամեն ինչ, ես նշել եմ, որ այդ ժամանակահատվածում Մետրոպոլիտենն աշխատել է շահույթով և շահութահարկ է վճարել», - նշեց Տաթև Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստով։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա։ Մետրոպոլիտենը, տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ։

Տաթև Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այսօր Փայլակ Յայլոյանի աշխատանքային վերջին օրն է, և արդեն երկուշաբթի օրվանից տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Յայլոյանի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը։